Գյոթե – «Ֆաուստ»

«Կանգ առ, վայրկյան, չքնաղ ես դու»։ Գյոթեն համաշխարհային գրականության մեջ առաջին հերթին հայտնի է «Ֆաուստ» ստեղծագործությամբ: Հեղինակն այն շարադրել է 60 տարվա ընթացքում: «Ֆաուստ»-ը կյանքի, աշխարհի գոյության իմաստի փնտրտուքով տասնամյակներ զբաղված Գյոթեի մտքի ու ներաշխարհի արտահայտությունն է։ Ֆաուստն իր կյանքը նվիրում է գիտությանը, փորձում գործունեության շատ ոլորտներ և, անցնելով կյանքի բոլոր վայելքների միջով, զառամյալ տարիքում հանգում է այն իմաստնությանը, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը: Ֆաուստը գտնում է այդ ճշմարտությունը, որի համար այնքան երկար տառապել է։

2․ Հերման Հեսսե - «Տափաստանի գայլը»

«Յուրաքանչյուրն իր հոգու խորքում հասկանում է, որ ինքասպանությունը թեև ելք է, բայց փոքր-ինչ ստոր և ոչ օրինական պահեստային ելք, որ, ըստ էության, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ է հաղթվել և դիտապատ ընկնել հենց կյանքից, քան սեփական ձեռքով»: Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին։Հերոսը զգում է իր մեջ երկու բնություն՝ մարդու և գայլի: Բայց ի տարբերություն ուրիշ մարդկանց, որոնք դարձել են ձեռնասուն և սովորել են ենթարկվել, Հարրին տառապում է իր ներսում ծավալվող այդ երկու բնությունների պայքարից:

3․ Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

«Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում: Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել: Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու»: Վեպը Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

4․ Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

«Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»: «Անասնաֆերմա» գրքի հերոսներն են «Մենըր» ֆերմայի անասունները, որոնք ազատվելով իրենց շահագործող ֆերմերից և փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության և նոր տերերը կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։

5. Էրիխ Մարիա Ռեմարկ - «Հաղթական կամար»

«Ես միայն ուզում էի քեզ ցույց տալ, թե ժամանակն անցյալ դառնալով, ինչպես է մարդկանց գիտակցության մեջ կորցնում իր ռեալականությունը: Նա սփոփում է, սարսափեցնում և դարձնում անտարբեր»: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: